Րաֆֆի Հովհաննիսյանը մաղթում է ազգային չափանիշներով ԱԺ ընտրություններ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մաղթում է, որ Ազգային ժողովի գալիք ընտրությունները համապատասխանեն ազգային, և ոչ թե միջազգային, կամ այլ երկրների չափանիշներին։
«Մեր ցուցակի մասին պարզաբանումները ես ներկայացրել եմ մի քանի օր առաջ և հիմա էլ պետք է ասեմ, որ մեր կուսակցության համամասնական ցուցակում ներկայացված է հասարակությունը: Բնապահպաններ, ակտիվիստներ, հասարակ մարդիկ են բոլորը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ինձանով որ լիներ ես կլինեի մեր ցուցակի 21-րդ տեղում, սակայն իմ առաջին տեղում լինելը քաղաքական գործընթացի արդյունք էր»,- ավելացրեց նա:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ իրենք ակնկալում են ազատ և արդար ընտրություններ և որ ընտրություններից հետո իրենք առնվազն կլինեն առաջին եռյակում: «Ես ոչ միայն ակնկալում եմ, այլ նաև համոզված եմ դրանում»,- ասաց նա։
«Եկե՛ք գոնե մի անգամ ընտրություններից հետո իրար ճակատի նայենք և ասենք, որ մենք ճանաչում ենք այս ընտրությունները։ Միմյանց ասենք, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ դե յուրե ունենք ընտրված իշխանություն»,- ավելացրեց «Ժառանգության» առաջնորդը։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ իրենք պատրաստել են մի ուղերձ, որն առաջիկայում կներկայացնեն հանրությանը։ Ուղերձը վերաբերում է առաջիկա ընտրություններին: «Նշված ուղերձի տակ ստորագրել են բոլորը, ովքեր մեր համակիրներն են և մեր կուսկացության անդամներն են»,– ասաց նա:









