Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնաբացարկ է հայտարարում՝ հաջողություն մաղթելով մյուս թեկնածուներին
Ես որոշել եմ իմ թեկնածությունը հանել 7-րդ ընտրատարածքից, և մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություններ իշխանական և ընդդիմադիր բոլոր թեկնածուներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես հայտարարում եմ, որ հետայսու մեր կուսակցությունը կունենա մեծամասնականով առաջադրված 7 թեկնածու»,-ասաց Րաֆիի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի հետ, և առաջարկել միասնական ճակատով պայքարել: Ըստ «Ժառանգության» նախագահի ներկայացրած տվյալների՝ իրենք առաջարկել են ՀԱԿ-ի ներկայացուցչին, որպեսզի 21ընտրատարածքում բոլորը միասին պայքարեն ՀԱԿ-ի համար, իսկ 7 ընտրատարածքներում՝ «Ժառանգության» թեկնածուների համար, մյուս տեղերում էլ՝ կա՛մ «Դաշնակցության», կա՛մ հասարակական սեկտորի ներկայացուցիչների համար:
«Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը մերժեց մեր այդ համագործակցության առաջարկը, սակայն ես բոլորին մաղթում եմ հաջողություն և հայտարարում եմ ինքնաբացարկ և հեռանում եմ մեծամասնական ճակատով պայքարից»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Մալաթիա–Սեբաստյա համայնքն ընդգրկող 7 րդ ընտրատարածքում առաջադրվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՆիկոլՓաշինյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև գործարար Սամվել Ալեքսանյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը տարբեր մեկնաբանությունների առիթ էր դարձել, ընդհուպ մինչև՝ «իշխանության պատվերը կատարելու»:









