Իսրայելը հրաժարվել է իր տարածք թողնել ՄԱԿ-ի իրավապաշտպան հանձնաժողովին
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ աշխատանքային հարաբերությունները խզելու մասին, հայտնում է Associated Press գործակալությունը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով:
ԱԳՆ-ի որոշման համաձայն` Խորհրդի հանձնաժողովին կարգելվի մուտք գործել Իսրայելի ու Պաղեստինի ինքնավարության տարածքներ:
Մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Խորհուրդը կողմ էր քվեարկել պաղեստինյան տարածքներ հատուկ հանձնաժողով ուղարկելուն, որը պետք է տեղում պարզեր` ինչպես է ընթանում գրավյալ տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը: Բացի այդ, Խորհուրդը քննադատել էր ընթացող շինարարությունը:
Իսրայելը մեղադրում է ՄԱԿ-ի ֆունկցիոներներին` «բաց ու ակնհայտ պաղեստինամետ դիրքորոշում դրսևորելու համար»:









