Al Arabiya-ն` Սիրիայի էլեկտրոնային բանակի զոհ

23:56 • 26.03.12

Al Arabiya համաարաբական լրատվական հեռուստաընկերությունը «Սիրիայի էլեկտրոնային բանակ» կոչվող խմբավորման հաքերային հարձակումից հետո նորից վերահսկում է Facebook սոցիական ցանցի իր էջը, տեղեկացրել է Al Arabiya-ն:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնած սիրիացի հաքերները արաբերեն գրություն էին թողել էջում` նշելով. «Այստեղ եղել է Սիրիայի էլեկտրոնային բանակը»:

Հաքերները  հեռուստաընկերությանը մեղադրել էին «Եգիպտոսի և Լիբիայի քայքայման մեջ» ներգրավված լինելու և օրուգիշեր «թունավոր մահմեդական եղբայրների, սիոնիստների գաղափարները Եգիպտոսում և արաբական աշխարհում հեռարձակելու» մեջ:

Սրանից բացի սիրիացի հաքերները մեդիահսկային մեղադրել էին «դեպի Լիբիա ու դրա հարստություններ ՆԱՏՕ-ի ճանապարհը հարթելու» մեջ:

Հաքերները Al Arabiya-ի բաժանորդներին նաև կեղծ լուրեր էին հայտնել` Սիրիայում նոր հարձակումների և Սաուդյան Արաբիայի իշխանությունների որոշումների մասին:

Վերջին անգամ Al Arabiya-ն նմանատիպ հարձակման էր ենթարկվել փետրվարին. այն ժամանակ խցանվել էին հեռուստաընկերության հաճախականությունները: