Սենեգալի նախագահը ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում

10:07 • 26.03.12

Սենեգալի գործող նախագահ 85-ամյա Աբդուլայե Վադը ընդունել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր պարտությունը, գրում է Associated Press-ը:

Սենեգալի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Վադը զանգահարել է երկրի նախկին վարչապետին՝ Մակի Սալյուին և շնորհավորել իր մրցակցին հաղթանակի կապակցությամբ:

Երկրորդ փուլի վերջնական տվյալները դեռ հայտնի չեն, սակայն առաջին փուլում Վադը հավաքել էր ձայների 34.8 տոկոսը, իսկ Սալյուն՝ 26.6 տոկոսը:

Վադի հեղինակությունը նվազեց այն ժամանակ, երբ Գերագույն դատարանի միջոցով որոշում կայացվեց, որ նա կարող է նաև 3 անգամ նախագահ ընտրվել:

Դատավորները վճռել էին, որ Վադի` առաջին անգամ նախագահ ընտրվելու ժամանակ՝ 2000 թ.-ին, երկրի սահմանադրությունը փոփոխվել էր, այդ պատճառով էլ նախագահի կառավարման առաջին ժամկետը պետք է համարվի նրա երկրորդ անգամ վերընտրվելու ժամանակը: