Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեդվեդևին, Օբամային և Սարկոզիին

17:17 • 26.03.12

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների և անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետևողական ջանքերի համար:

Ընդգծելով, որ թեև Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռևս մնում է չիրագործված, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման և խաղաղության պահպանման համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական և կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի: