Լավ է անում Վահան Հովհաննիսյանը, որ հավատում է ՀՅԴ–ին. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական է համարում, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հավատում է ոչ թե ՀՀԿ-ին, այլ Դաշնակցությանը:
Tert.am –ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «պարոն Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է և անհասկանալի կլիներ, որ չհավատար ՀՅԴ-ին, այլ փոխարենը հավատար հանրապետականին»:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Վահան Հովհաննիսյանը, ով հայտարարել էր, որ չի հավատում, թե ՀՀԿ–ը կփոխվի, ի պատասխան հարցի, թե ինչու չի հավատում, ասել էր՝ «լավ եմ անում»:
«Աստվածաշնչում կա նույնիսկ: Առաքյալներից մեկը, երբ Քրիստոսը հարություն առավ, ասաց՝ մի հատ ձեռք տամ նոր… Հավատը ավելի շատ բարոյական դաշտից է, իհարկե, հավատալ պետք է: Ես անձամբ հավատում եմ Աստծուն, ոչ թե քաղաքական գործիչներին, եթե տեսնեմ, որ նրանք էլ են հավատում Աստծուն, մենք կկարողանանք հավատալ իրար»,– ասելե էր Հովհաննիսյանը:
Էդուարդ Շարմազնանովն ի պատասխան ասաց, թե ոչ միայն Վահան Հովհաննիսյանին, այլ ողջ հասարակությանը պետք է ուրախացնի, որ իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քաղաքականության մեջ առաջնորդվում է բարոյական կատեգորիաներով:
«Նաև կարծում ենք, որ, այո, յուրաքանչյուր գործի համար անհրաժեշտ է հավատ. հավատ սեփական ուժերի նկատմամբ, հավատ առ Աստված և հավատ քո իրականացրած ծրագրի նկատմամբ: Մենք հավատում ենք, որ կարող ենք փոխել, և մայիսի վեցին և՛ պարոն Հովհաննիսյանը, և՛ հասարակությունը կհամոզվեն, որ հասարակությունը հավատում է նախագահին և նրա ղեկավարած թիմին»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ «հավատ»-ն այս ընտրություններում ՀՀԿ –ի գլխավոր կարգախոսի՝ «Հավատանք, որ փոխենք»-ի առանցքային բառերից է: Եվ անգամ Ահարոն Ադիբեկյանը, ով մշտապես կասկածվում է իշխանությունների պատվերով սոցհարցումներ իրականացնելու մեջ, նշել էր, թե ՀՀԿ-ի ամենաթույլ կողմը իր կարգախոսն է: Այսինքն, ըստ այս տրամաբանության, իշխող քաղական ուժը չպետք է հավատացնի, այլապես ստացվում է, որ «էսքան ժամանակ չէին հավատացել ու վստահել»:
Էդուարդ Շարմազանովը հարցին այլ տեսանկյունից է նայում: Այն է՝ ուժեղ է այն իշխանությունը, ով ուժ է գտնում իր մեջ գնալու փոփոխությունների և չի ուզում լճանալ:
«Իսկ այս աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է գնալ փոփոխությունների»: Սա ասում է ոչ միայն Էդուարդ Շարմազանովը, այլ ժամանակին՝ սըր Ուինսթոն Չերչիլը:
«Մենք հավիտենականի կողմնակից ենք, այլ ոչ թե հնին»,- ասում է Շարմազանովը:
«Կամպանիայի (ընտրարշավի) ժամանակ մեր հիմքերը կներկայացնենք և չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ քննադատողները այս պահին չեն տեսնում հիմքեր»,– ասաց Շարմազանով: Դրանք, ըստ նրա, վերջին հինգ տարիներին ճգնաժամի պայմաններում առկա տնտեսական աճն է և ավելի ժողովրդավարական Հայաստան ունենալը:
«Երբ ՀՀՇ կուսակցության նախագահը հաղորդումներից մեկում հայտարարում է , որ 12 տարվա մեջ սենց ժողովրդավարական և ազատ եթեր չի տեսել, դա ինձ համար ձեռքբերում է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ քաղաքականությունը համոզելու արվեստ է:









