Անհայտ բարերարը 3-սենյականոց բնակարան է նվիրել «Շիրակ կենտրոնի» տեսանյութում ներկայացված գյումրեցի ընտանիքին

10:45 • 26.03.12

Պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթևանի կարգավիճակ չունեցող և Գյումրու խարխուլ ու խոնավ տնակներից մեկում բնակվող Ավետիսյանների 6 անձից բաղկացած ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած «Անօթևանների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ»  տեսանյութի` հայաստանյան առաջատար բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում հրապարակվելուց ընդամենը մեկ ամիս անց ուրախալի լուր ստացվեց: Այս մասին ուրախությամբ հայտնում է «Շիրակ կենտրոնը» և տեղեկացնում, որ արտերկրում բնակվող անհայտ բարերարը այս ընտանիքին նորակառույց 3-սենյականոց բնակարան է նվիրել:

Ըստ «Շիրակ կենտրոնի», Ավետիսյանների 11 անձից բաղկացած ընտանիքին պետությունը տարիներ առաջ հատկացրել էր երկսենյականոց բնակարան: Մի եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել էր բնակվելու նոր բնակարանում, իսկ ընտանիքի մյուս մասը 6 անձով շարունակում էր բնակվել տնակում:

Նշվում է, որ տնակներում ապրող անօթևան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 6 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթևան 7 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք» խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր:

«Շիրակ կենտրոնը» տեղեկացնում է նաև, որ 3 բնակարանների ու բազմաթիվ այլ օգնությունների նվիրատուներ գերադասել են մնալ անհայտ և գյումրեցիների անունից երախտագիտություն հայտնում ինչպես այս անհայտ, այնպես էլ մյուս բոլոր բարեգործներին:

Tert.am-ը ևս միանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ շնորհակալական խոսքերին։