ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի ուսանողներին

14:43 • 26.03.12

Մարտի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը, հանգամանալից խոսել է նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարել ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:

Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին: