Սուդանի քրիստոնյաներին վերջնագիր է ներկայացվել. նրանք 3 շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը
Սուդանում հարյուր հազարավոր քրիստոնյաներ պետք է 3 շաբաթվա ընթացքում լքեն երկիրը, որը նրանց զրկել է քաղաքացիությունից: Վերջնագիր է ներկայացվել 700 000 մարդու:
Ինչպես նշվում է Barnabas Fund իրավապաշտպան կազմակերպության կայքում, քրիստոնյաները պետք է մինչև 2012թ. ապրիլի 8-ը լքեն «խիստ իսլամական» Սուդան պետությունը, հակառակ դեպքում նրանք կդիտվեն որպես օտարերկրացիներ, ինչը չափազանց վտանգավոր է երկրում իշխող մի վարչակազմի պարագայում, որը թշնաբար է վերաբերվում ոչ մահմեդականներին և ոչ արաբներին:
Քաղաքացիական պատերազմի ընթացքում քրիստոնյաների զգալի մասը տեղափոխվել էր Սուդանի հյուսիս: 2011թ. հուլիսին երկիրը բաժանվեց, և հայտարարվեց Հարավային Սուդանի Հանրապետության անկախացման մասին:
Barnabas Fund-ը նշում է, որ լուրջ վտանգ կա, որ քրիստոնյաները, որոնք կմնան Սուդանում վերջնագրում նշված ժամկետից հետո, հետապնդումների և ստիպողական վերաբնակեցման կենթարկվեն: Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ զանգվածային փախուստը մարդասիրական աղետի կհանգեցնի, քանի որ Սուդանում և նորաստեղծ Հարավային Սուդանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ ծանր է:
«Չնայած որ երկարատև քաղաքացիական պատերազմն ավարտվեց, և Հարավային Սուդանի Հանրապետությունն առանձնացավ, քրիստոնյաները երկու երկրներում էլ շարունակում են տառապել», - նշում է Barnabas Fund-ի միջազգային հարաբերությունների տնօրեն Պատրիկ Սուխդեոն:
«Հարավային Սուդանում աճում է լարվածությունը, քանի որ Սուդանից այնտեղ են ժամանում հարյուր հազարավոր փախստականներ, որոնք մազապուրծ փախչում են երկրի ամբողջական մահմեդականացմամբ զբաղված Օմար ալ-Բաշիրի վարչակազմի վայրագություններից», - ասել է Սուխդեոն:
ՄԱԿ-ի տվյալներով, Հարավային Սուդանում 5 մլն մարդ կարող է տուժել սննդամթերքի ճգնաժամից և մոտ 1 մլն մարդ` սովից: Փախստականների հոսքը միայն կվատթարացնի առանց այդ էլ օրհասական իրավիճակը:
Սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի է բարդացրել նաև այս տարվա երաշտը:










