Տիմոշենկոյի բանտախուց կբերեն «խելացի ու հանդուրժող» մարդասպան մի կնոջ

18:40 • 26.03.12

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտախուց կբերեն մարդասպան մի կնոջ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Հանգստյան օրերին Յուլիա Վլադիմիրովնայի բանտախուց է բերվել երրորդ մահճակալը, և գաղութի աշխատակիցները նրան հայտնել են, որ հնարավոր է` այստեղ բերվի կանխամտածված սպանության համար ազատազրկման դատապարտված խելացի, կրթված ու հանդուրժող մի կին», - այսօր ասել է Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն:

Պաշտպանի խոսքով` բանտախցում տեսախցիկ է տեղադրված, սակայն տեսանյութերը չեն արխիվացվում:

«Այդ իսկ պատճառով, եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի, պատժիչ ծառայությունը կասի, թե չգիտի` ինչ է տեղի ունեցել», - ասել է Վլասենկոն:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել ծառայողական լիազորությունները չարաշահելու համար: