Խաբելով տեսուչին՝ երեք տարի շարունակ ստացել է մահացած մոր թոշակը

17:21 • 26.03.12

Քաղաքացի Ս. Անդրեասյանը մոր մահվան վկայականը չներկայացնելով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության «Կենտրոն-2» տարածքային բաժին՝ երեք տարի շարունակ ստացել է նրա կենասթոշակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

«Այդ փաստը թաքցնելով և չարաշահելով նույն տարածքային բաժնի վճարող-տեսուչ Ա. Ռուշանյանի վստահությունը` վերջինիս ներկայացրել, թե իբր մայրն անկողնային հիվանդ է: Այդկերպ 2007-2010թթ. ընկած ժամանակահատվածում խաբեությամբ անհիմն ստացել է մոր անվամբ դուրս գրված ընդհանուր 1 119 200 դրամ կենսաթոշակի գումարը` պետությանը պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս»,-նշված է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտված մահացած անձի անվամբ դուրս գրված կենսաթոշակի գումարները հափշտակելու փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության հաստատված եզրակացության մեջ:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննության:

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: