«Իմ անունը Մերա է, և իմ կյանքը վերածվել է դժոխքի». դժգոհում են «թուլուզյան հրաձիգի» անվանակիցները
«Թուլուզի հրաձիգ» Մոհամեդ Մերայի անվանակիցները դժգոհում են, որ Թուլուզում հրեական դպրոցի երեք աշակերտի ու մեկ ուսուցչի սպանությունից հետո, իրենց կյանքը վերածվել է դժոխքի, գրում է The Local թերթը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 24-ամյա ահաբեկիչը կրակ էր բացել Թուլուզի հրեական դպրոցի անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր չորս մարդ: Մեկ օր անց Մերան սպանվել էր դիպուկահարի արձակած կրակոցներից այն տանը, որտեղ թաքնվում էր:
«Իմ անունն է Մոհամեդ Մերա, և իմ կյանքը վերածվել է դժոխքի»,- պատմել է ահաբեկչի` Լիոնում բնակվող անվանակիցը:
Ըստ թերթի` 24-ամյա հանցագործի անվանակիցները սկսել են «տարօրինակ» զանգեր ու սոցցանցերում սպառնալից հաղորդագրություններ ստանալ:
Հետապնդումները սկսվել են լրատվամիջոցների կողմից սպանության մեղավորի անուն- ազգանունը հաղորդելուց անմիջապես հետո:
«Դա խելահեղություն է: Մարդիկ իմ լուսանկարներն էին տեղադրում ինտերնետում, ասում էին, որ ես նրա («թուլուզյան հրաձիգի») պատճենն եմ: Սակայն մենք ընդամենը նույն տարիքն ու անուն- ազգանունն ունենք»,- ասել է Լիոնի բնակիչը:
Ինչպես նշում են փորձագետները, Մերա ազգանունը շատ տարածված է Ալժիրից Ֆրանսիա եկածների շրջանում:









