Թուրքիան փակել է դեսպանատունը Սիրիայում
Թուրքիան փակել է իր դեսպանատունը Սիրիայում: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ ակնկալվում է թուրք դեսպան Օմեր Օնհոնի և Սիրիայում գտնվող դիվանագիտական անձանց վերադարձը Թուրքիա:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Էրդողանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ փորձ է արվում Սիրիայի հարցում միջազգային լուծում գտնել, միաժամանակ քննարկվում է նաև Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը:
«Ասադը ժամանակի վրա է խաղում և ոտքի վրա է մնում միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի աջակցության շնորհիվ միայն: Եթե այդ աջակցությունը չլինի, շատ բան կփոխվի»,- ասել է նա: Մարտի 28-29-ին Իրան կատարելիք այցի ընթացքում Էրդողանը փորձելու է Իրանին համոզել, որ դադարեցնեն Ասադին ցուցաբերվող աջակցությունը:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են նաև Սիրիայում անհետ կորած երկու թուրք լրագրողները, որոնց գտնելու համար Թուրքիան օգնություն էր խնդրել նաև Իրանից, կենդանի են և անվնաս: Այդ մասին հաղորդել է Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների պահպանության հիմնադրամը:









