Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ի ցուցակը հիասթափեցնող է, իսկ իրենցը՝ բավական հաջող
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ այս պահին Հայաստանում ընտրությունների նկատմամբ ժողովրդի մոտ տիրում է հիասթափություն, որի պատճառը, ըստ նրա, միմիայն իշխանությունն է: «Չէ՞ որ իշխանությունը պահանջեց հավատալ։ Հակառակ դեպքում ժողովրդի մոտ կարող է առաջանալ հիասթափություն, որը մյուս կողմից վատ չի»,-ասաց նա՝ դիտարկելով դա որպես ժողովրդին նման վիճակից դուրս բերելու միջոց:
Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀԿ-ի ցուցակին, որը, ըստ նրա, հիասթափության պատճառներից մեկն է: «Իշխանության ցուցակների մասին. ամբողջ ողբերգություն այն է, որ նրանց ունեցածը դա էր: Այդ ցուցակում կարելի էր որոշ թարմություն ակնկալել, սակայն ի՞նչ եղավ. չինովնիկը չինովնիկի հետևից, բարձրաստիճանները վերև, ցածրաստիճանները՝ ներքև, ինչը ինքնին հիսաթափեցնող է»,-ասաց նա և ավելացրեց, որ դա ձեռնտու է հենց իշխանությանը, «ինչքան մարդ հիասթափվեց, չեկավ, այնքան լավ»:
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՀԿ-ի ցուցակի առանձին անհատների մասին խոսելուց՝ մեկնաբանելով դա մինչև քարոզչության մեկնարկը կոռեկտության սահմաններում մնալու մղումով:
Հովհաննիսյանը ՀՀԿ-ի կարգախոսին նույնպես չի հավատում, իսկ թե ինչու՝ պատասխանում է. «Լավ եմ անում», ապա շարունակում. «Ցավոք սրտի նման առիթ չկա»:
Մինչդեռ «Դաշնակցության ցուցակը, ըստ նրա, բավական հաջող է: «Մեր ցուցակը ընդհանուր առմամբ շատ դրական է, և եթե դուք ծանոթանաք առաջին քսան տեղերում հայտնված բոլորովին նոր անունների հետ, կամ առնվազն սպասեք քարոզչությանը, կտեսնենք, որ այդպիսի մարդիկ մեզ մոտ իսկապես կան»:
Վահան Հովհաննիսյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ի ծրագրում ավելի շեշտադրված են դրված սոցիալական հարցերը:









