Աբխազիան մտահոգ է իր սահմանի մոտ վրացական զինված ջոկատների ստեղծմամբ

15:51 • 27.03.12

Կովկասում անվտանգությանը նվիրված ժնևյան խորհրդակցությունների հերթական հանդիպմանն աբխազական պատվիրակությունը կբարձրացնի Վրաստանի կողմից «Աբխազիայի հետ սահմանին ապօրինի զինված կազմավորումների տեղակայման հարցը», հայտնում է vz.ru-ն:

Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Իրաքլի Խինտբան հայտնել է, որ այդ ջոկատները «սպառնում են աշխարհին ու տարածաշրջանային կայունությանը»:

2008 թվականի պատերազմից հետո, պարբերաբար անցկացվում են Ժնևյան խորհրդակցություններ` Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ու Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր vz.ru-ն, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն ու Թբիլիսիում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն փակ հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ, ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրաքլի Ալասանիայի հետ, ով մեղադրել էր երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Արևմտյան Վրաստանում գաղտնի զինված ջոկատներ ստեղծելու մեջ:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Սաակաշվիլիի կարգադրությամբ` զինվել է մոտ 500 մարդ, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում կարող են ներգրավվել երկրում իրավիճակի ապակայունացմանը:

Վրաստանի իշխանությունները հերքում են նման ջոկատների ստեղծման լուրը: