Իջևան–Նոյեմբերյան ճանապարհին մեքենան ընկել է գետը. վարորդը հոսպիտալացվել է

09:12 • 27.03.12

Մարտի 27-ին՝ ժամը 01.59-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ-21011» մակնիշի 06 տօ 201 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել գետը:

Մինչ հրշեջ–փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ, Ծաղկավան գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Սերոբ Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք: