Աշխարհում մահապատժի ենթարկվածների թիվն աճել է 149-ով. Amnesty International

15:00 • 27.03.12

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մահապատժի վերաբերյալ ամենամյա զեկույցը:

Վերջին տվյալների համաձայն ՝ 2011 թ.-ին աշխարհում մահապատժի է ենթարկվել 676 մարդ, մինչդեռ 2010 թ.-ին այդ թիվը 149-ով պակաս է եղել:

Մերձավոր Արևելքում մահապատիժների քանակը մոտ կրկնակի անգամ ավելացել է, այն առավել մեծ տարածում ունի Իրաքում, Իրանում, Սաուդյան Արաբիայում: Ամենաշատը մարդկանց մահապատժի են դատապարտել Չինաստանում, սակայն կոնկրետ թիվ չի նշվում, քանի որ դա պետական գաղտնիք է համարվում:

Ծանրագույն պատիժը կիրառելու ամենատարածված պատճառը՝ ամուսնական անհավատարմությունն է, միասեռականությունը, ուխտադրժությունը, կախարդությունը, սրբապղծությունը:

ԱՄՆ-ում 2011 թ.-ին, ի տարբերություն նախորդ տարիների, մահապատժի ցուցանիշը կրճատվել է մոտ 2 անգամ: Միաժամանակ, միակ եվրոպական և նախկին ԽՍՀՄ անդամ երկիրը, որտեղ մահապատիժ է կիրառվում, Բելառուսն է:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 2011-ին մահապատիժներ կիրառվել են աշխարհի 198 երկրներից 20-ում: Պատճառն այն է, որ շատ երկրներում ապաքրեականացվել է մահապատժի ենթարկելու հոդվածը: