ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ՀՀՊ-ի վերաբերյալ բանակցությունները կշարունակի, սակայն այս տարի այդ հարցը չի լուծվի

00:32 • 27.03.12

Միացյալ Նահանգները հույս ունի, որ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն չի ակնկալում, որ այդ վիճելի խնդրի վերաբերյալ 2012թ. լուրջ առաջընթաց կգրանցվի՝ հաշվի առնելով երկու երկրներում նախագահական ընտրությունների տարի լինելու փաստը: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, մեկնաբանելով Սեուլում երկու երկրների նախագահների հանդիպումը, այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:

Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Բարաք Օբաման Սեուլում Դմիտրի Մեդվեդևին խնդրել է ՀՀՊ խնդրի կարգավորման հարցը հետաձգել, մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտը: «Այս տարի իմ վերջին ընտրություններն են», - հիշեցրել է Օբաման: «Իմ վերընտրվելուց հետո ես մեծ ճկունության պաշար կունենամ՝ ՀՀՊ-ի  հարցի լուծման համար», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ռոդսը չի ժխտել, որ Օբաման իսկապես նման խնդրանքով է դիմել Մեդվեդևին:

«Ներկայում Ռուսաստանում իշխանության փոխանցման փուլ է, իսկ ԱՄՆ-ում ընտրությունները դեռ առջևում են, ուրեմն ակնհայտ է, որ սա այն տարին չէ, երբ ՀՀՊ հարցում պետք է լուրջ առաջընթաց ակնկալել», - հայտարարել է Ռոդսը: