Դհոլային ներկայացում Արտաշես Գեղամյանի կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքի դիմաց (տեսանյութ)
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երեք երիտասարդներ դհոլ են նվագում Մոսկովյան 33 հասցեում գտնվող «Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի» շենքի դիմաց, որում, ի դեպ, տեղակայված է Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը։
Դհոլային ներկայացման գաղափարը կապվում է Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ Գեղամյանի հասցեին արած «դատարկ դհոլ» արտահայտության հետ։
Հետաքրքիր է, որ YouTube–ում տեսանյութը տեղադրած օգտատերը ներկայանում է Աշոտյան Արմեն անունով։ Արձագանքելով տեսանյութի հետ առնչություն ունենալու հետ կապված Tert.am–ի հարցադրմանը, ՀՀ ԿԳ նախարար և Facebook–ի ակտիվ օգտատեր Արմեն Աշոտյանը ասաց. «Հայտնի է, որ կեղծում են որակյալը, և գուցե իմ անուն–ազգանունը Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում իր համեստ հրապույրն ու ձգողականությունը ունի, բայց ցավում եմ, որ մեր քաղաքական մրցակիցները դիմում են նման էժանագին քայլերի»։









