«Կինոն քեզ ցույց են տալիս, իսկ թատրոնը դու ես նայում». Արթուր Ութմազյան

15:16 • 27.03.12

Այսօր թատրոնի համաշխարհային օրվա հետ կապված Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ թատրոնը եղել է, կա և միշտ կլինի:

Ութմազյանը հիշեցրեց, որ երբ ստեղծվեց կինոմատոգրաֆիան բոլորը ասում էին որ թատրոնը կմեռնի, հետո ստեղծվեց հեռուստատեսությունը, նորից նույնն էին ասում։ Թատրոնը կա նաև համացանցի ժամանակաշրջանում:

«Թատրոնը ոչ մի բանի հետ փոխարինել չի կարելի: Այստեղ կա կենդանի շփում և այդ շփումը անհնար է որևէ բանի հետ համեմատել: Կինոն քեզ ցույց են տալիս, իսկ թատրոնը դու ես նայում: Դու ես որոշում՝ բեմի որ անկյունը նայես»,- ասաց նա:

Արթուր Ութմազյանը նաև ասաց, որ, ցավոք, այսօր մեր երկրում ով ուզում որոշում է, որ ինքը կարող է դերասան դառնալ: «Երկու մասնագիտություն կա՝ մեր երկրում կամ դեպուտատ են դառնում կամ դերասան: Ցավալի է, բայց փաստ: Այսօր ամեն օր հեռուստատեսությամբ կարելի է տեսնել նոր երգի պրեմիերայի, բայց ներկայացման պրեմիերայի մասին անդրադարձ հազվադեպ կտեսնես, այն էլ միայն շոու-բիզնեսի լուրերի շրջանակում»,- ասաց նա:

Երևանի Հ.Ղափլանյանի անվան թատրոնի պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ, դերասան Հովհաննես Թեքգյուզյանն իր հերթին նշեց, որ իր համար թատրոնը տոն է՝ անկախ նրանից, թե ինչ ժանրի ստեղծագործություն է խաղում:

«Հանդիսատես և դերասան կապը ինձ համար շատ կարևոր է: Ես չեմ հավատում կատարսիսին, բայց, այն լինելով կենդանի արվեստ և երբ չի կարողանում նրա հետ դիալոգի մեջ մտնել, ստեղծվում է հետաքրքիր կապ: Ինձ համար ամենաթանկը հենց այդ կապն է, որը ներքին մենախոսության է բերում»,- ասաց նա: