Թատրոնի վաղվա օրվա համար Արթուր Ութմազյանը հանգիստ է

17:23 • 27.03.12

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Ութմազյանը հանգիստ է թատրոնի ապագայի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ վերջին 44 տարիների ընթացքում թատրոնում փոխվել է արդեն երրորդ սերունդը, և դա տեղի է ունեցել առանց արյունահեղության:

«Մեր մեծերը գուրգուրանքով են մոտենում մեր երիտասարդներին: Փորձեր են գնում լրիվ երիտասարդական կազմով ներկայացում սկսելու: Ես հանգիստ եմ վաղվա օրվա համար: Հնարավորություները տրվում են աշխատող մարդուն: Մեզ համար կարևոր է ոչ միայն բնատուր շնորքը, այլ նաև արյունը, արյան բաղադրությունը՝ որպես մարդ: Մարդկային հատկանիշներ կան, որոնք պետք է պարտադիր լինի մեզ մոտ աշխատողի մեջ»,- ասաց նա:

Արթուր Ութմազյանը թեև չցանկացավ անդրադառնալ սերիալներին, սակայն նշեց, որ այսօր շատ դերասաններ են ստիպված կենցաղն ապահովելու համար իրենց գցել այս ու այն կողմ:

Նա նաև նշեց, որ դերասանը կախյալ մասնագիտություն է և դերասանների հետ ճիշտ վարվելու համար շատ մեծ հմտություն է պետք:

«Այս ամենը գալիս է գեղարվեստական ղեկավարից: Թատրոնը բուրգի պես է, որ անընդհատ ուզում է փլվել: Մարդը միշտ մտածում է, որ ինքը լավ չի գնահատված և այլն, և այստեղ մեծ դեր ունի գեղարվեստական ղեկավարը, ինչը այսօր շատ լավ անում է Արմեն Խանդիկյանը»,-ասաց նա:

Մամուլի ասուլիսին ներկա Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ, դերասան Հովհաննես Թեքգյուզյանը իր հերթին նշեց, որ այս տարի արդեն հասցրել է նայել 25 ներկայացում:

«Այս տարի այնպիսի հետաքրքիր, ոչ միակողմանի կերպարներ տեսա բեմերում, որ շատ զարմացա: Քսաներկու–քսաներեք տարեկան բեմադրիչների հրաշալի ներկայացումներ տեսա: Հատկապես պետք է առանձնացնեմ Թատերական միության շենքում բեմադրված «Քիթը» ներկայացումը և Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Ուրիշ մարդ»-ը, որոնք երկուսն էլ երիտասարդներ էին բեմադրել»,-ասաց նա: