ԿԳ նախարարը ՄԻՊ-ի ոչ «մասնագիտական կարծիքին» պատասխանում է իր ֆեսբուքյան էջում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ կապված երեկ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, նշելով, որ ինքն արդեն այդ հարցին անդրադարձել է իր ֆեսբուքյան էջում:
Իսկ արդեն սոցիալական ցանցում նախարարը «սիրելի ֆեյսբուքցիներին» տեղեկացրել էր, որ երեկ հրապարակվել է ՄԻՊ-ի զեկույցը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության մասին, որի մի հատվածը նվիրված է եղել կրթության և գիտության ոլորտներում իրավունքների պաշտպանության խնդիրներին:
«Այս խնդիրների մի մասը տարիների ընթացքում լուծվել կամ լուծվում են, ինչի մասին վկայում է զեկույցի «ձեռքբերումներ» բաժինը (ի դեպ, այդ ձեռքբերումների շարքն առանց վարանելու և ավելորդ համեստության կարելի է շարունակել): Ցավոք, մեր համակարգում առկա խնդիրների մյուս մասը դեռևս իրենց վերջնական լուծմանն են սպասում, ինչի համար մեր նախարարության ջանքերը պետք է մեկտեղել հասարակական աջակցության և ներուժի հետ»,- գրել է նա և ավելացրել, որ ՄԻՊ-ի զեկույցում կրթության ոլորտին անդրադարձը, կարծես, ոչ միայն իրավական է, այլև բովանդակային:
«Մեզ հետքարքիր էր կարդալ այդ, տվյալ դեպքում, ոչ մասնագիտական կարծիքը: Զեկույցում նշված խնդիրների վերաբերյալ մեր մանրամասն անդրադարձը պատրաստվում է և կներկայացվի հանրությանը մոտ ապագայում»,- ասել էր նա:









