ՏՄՊՊՀ-ն սպասում է «Աշտարակ կաթ»-ի պատասխանին

17:31 • 27.03.12

Վերջերս մամուլում տեղեկատվություն էր տպագրվել, թե «Աշտարակ Կաթ» ընկերությունը պանրի շուկայում դեմպինգ է անում, այսինքն գները կտրուկ իջեցնում է և ստեղծում անհավասար մրցակցության պայմաններ:

Ըստ հրապարակման նման հայտարարություն են արել պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք պնդում են, որ ընկերությունն իր արտադրած պանրի գինը 2100 դրամից կտրուկ իջեցրել է մինչև 1600 դրամի: Նույն ընկերությունների ներկայացուցիչները նշում են նաև, թե «Աշտարակ Կաթը» մեծ քանակությամբ պանիր է արտահանել Ռուսաստան, սակայն դրա մեծ մասը հետ է դարձվել և ընկերությունը հենց այդ պանիրն էլ էժան գներով հանել է շուկա:

Tert.am-ը Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրվող պանրի գնային փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովը արդեն ուսումնասիրություններ կատարել է և գրավոր դիմում է ուղարկել ընկերությանը, որը 10-օրյա ժամկետում պետք է պատասխանի հանձնաժաղովի հարցերին:

Նրա տեղեկացմամբ ՏՄՊՊՀ-ի` Երևանի խոշոր առևտրի կետերում կատարված ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ պանրի գները իրոք իջեցվել են. Գայանե Սահակյանի հաղորդմամբ «Երևան սիթի», «Սթար», «Նոր Զովք» և այլ խոշոր սուպերմարկետներում կատարված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի դեպքում պանրի գինը 2300-ից 2100 է դարձել, որոշ խանութներում 2040-ից 1860, իսկ մի դեպքում էլ` 2300-ից 1900:

Tert.am-ը փորձեց ստանալ «Աշտարակ կաթ» ընկերության պարզաբանումները այս հարցի կապակցությամբ: Ընկերության մամուլի ծառայությունը համաձայնեց միայն գրավոր հարցմամբ պատասխանել մեր հարցերին: Ուղարկված հարցերին ի պատասխան ընկերությունը նշում է, որ դեմպինգի շուրջ նշված հրապարակումը ճշմարտության հետ առհասարակ որևէ առնչություն չունի:

««Աշտարակ Կաթ» ընկերությունը 2011-12թթ. ընդհանրապես որևէ երկիր պանիր չի արտահանել: Ասվածի մեջ հեշտությամբ կարելի է համոզվել` ընդամենը դիմելով ՀՀ մաքսային մարմիններին: Այսինքն «ՌԴ-ում չվաճառված պանրի վերադարձն» իր բոլոր հետևություններով ընդամենը հերհյուրանք է, և նյութի հեղինակը նման հայտարարություն կատարելուց առաջ պետք է ճշտումներ կատարեր գոնե մեր ընկերությունից»,-հայտնում է մամուլի ծառայությունը:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություներին, ապա «Աշտարակ կաթը» չի հերքում, որ կատարել է դրանք, սակայն ոչ թե 1600-ի է իջեցրել պանրի գինը, այլ 1700-ի: «Ավելին, 1600 դրամով «Աշտարակ Կաթը» պանիր չի էլ վաճառել: Մինչդեռ կան ընկերություններ, որոնք իրենց պանիրը վաճառում են հենց այդ գնով և անգամ ավելի էժան»,- նշում է ընկերությունը: Ընկերության պարզաբանմամբ` գների իջեցում կատարվել է այն բանից հետո, «երբ հիմնականում բոլոր մրցակից ընկերությունները, 2012թ-ի հունվարից սկսած, զգալիորեն իջեցրել էին այդ գները»` հավատացնելով, որ շուկայում «Աշտարակ Կաթի» պանիրը շարունակում է մնալ ամենաթանկերից մեկը: «Նշված հանգամանքներում դեմպինգի, մրցակցությունից դուրս թողնելու մասին ակնհայտորեն ստահոդ լուրեր տարածողներ են հանդիսանում անբարեխիղճ այն արտադրողները, որոնք ի վիճակի չեն գործել արդար մրցակցային դաշտում»,- հայտնում են ընկերությունից:

Այն հարցին, իջեցրել են արդյո՞ք գները պանիր արտադրող մյուս ընկերությունները Գայանե Սահակյանը նշեց, որ պանրի շուկայում կան բազմաթիվ արտադրողներ, սակայն ամենախոշոր ընկերությունների արտադրանքում ՏՄՊՊՀ-ն գնային նվազում չի արձանագրել. «Պանրի շուկայում կան բազմաթիվ ընկերություններ բայց ամենախոշորնեը որոնք մեր դիտակետում են` դրանք են «Դուստր Մելանյա», «Չանախ», «Բիոկաթ» ընկերությունները, որոնց արտադրատեսակներում հանձնաժողովի մոնիտորինգի խումբը գնային որևէ փոփոխություն չի նկատել»,-նշեց Գայանե Սահակյանը:

Այն հարցին, արդյոք կարելի է «Աշտարակ կաթ»-ի նման քաղաքականությունը որակել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, Գայանե Սահակյանը պատասխանեց.

«Իհարկե ոչ, քանի, որ մենք չենք ստացել դեռ որևէ պարզաբանում, որևէ հիմնավորում: Տնտեսվարողը պետք է ներկայացնի, թե ինչ է փոփոխվել գնագոյացման մեխանիզմում: Երբ, որ կներկայցվի հիմնավորումը, այն ժամանակ հանձնաժողովի մասնագետները կկատարեն համապատսխան վերլուծություն, կկատարենք որոշակի հաշվարկ, թե տվայլ ժամանակ գնված կաթի գինն ինչպիսին է եղել և այլ հաշվարկներ, որից հետո կհասկանանք, թե որն է գնային նման փոփոխության պատճառը ու կտեղեկացնենք նաև հանրությունը»,- ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը և ավելացրեց, որ «Աշտարակ կաթ»-ին ՏՄՊՊՀ-ն դիմում ուղարկել է ուրբաթ օրը ու թեև սահմանվել է 10 օրյա ժամկետ, սակայն քանի որ խնդիրը կարևոր է, հանձնաժողովը շահագրգռված է հանարվորինս սեղմ ժամկետներում հասկանալու, կա՞ այդտեղ, խնդիր, թե՞ ոչ:

Նշենք, նաև, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել նաև, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը իր պանրի արտադրության մեջ օգտագործում է ներկրված անորակ կաթի փոշի, ինչը ընկերությունը ևս հերքեց: