Կոտ դ՛Իվուարում 2 ավտոբուսների վթարի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ

23:45 • 27.03.12

Կոտ դ՛Իվուարում (Փղոսկրի ափ) երկու ավտոբուս իրար են բախվել, ինչի հետևանքով առնվազն 36 մարդ է մահացել, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության և առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Միջադեպը տեղի է ունեցել Բուակե քաղաքում՝ երկրի կենտրոնական հատվածում: Ավտոբուսներից մեկը ուղևորվում էր Մալի, մյուսը` Բուրկինա-Ֆասո:

Նախնական տվյալներով 36 մարդ է զոհվել, շատ վիրավորներ կան: Զոհերի թիվը կարող է աճել` գործակայությանը հաղորդել են տեղի հիվանդանոցից:

«Բուակեից դեպի Բուրկինա-Ֆասո ուղևորվող ավտոբուսի անիվը պայթել է, վարորդը կորցրել է կառավարումը և ավտոբուսները դեմ առ դեմ բախվել են իրար», - պատմել է ոստիկանության ներկայացուցիչ Կլոդ Սերի Կլոդը (Claude Sery Claude), ով ներկա է եղել պատահարի վայրում: