Էդուարդ Անտոնյանը հերքում է, թե իրեն սատարում է Մանվել Գրիգորյանը
Թիվ 20 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև Էջմիածին քաղաքը, մեծամասնական ընտրակարգով առաջադրված էդուարդ Անտոնյանը ոչ հավաստի է համարում «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակումը, թե ինքը հայտարարել է, որ վայելում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա որդու` Կարեն Գրիգորյանի աջակցությունը:
«Ես Մանվել Գրիգորյանին շատ հարգում ու սիրում եմ, որպես մեր ազգի հերոսներից մեկի, ով Արցախյան պատերազմի և բանակաշինության գործում շատ մեծ դեր է ունեցել, բայց ինչ-որ մարդիկ ուզում են ներկայացնել թե ես աջակցություն կամ տանիք եմ ուզում իմ վրա գցել, երբ իմ հույսը ժողովրդի վրա է», -Tert.am-ի հետ զրույցում ասաց էդուարդ Անտոնյանը:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա հորեղբոր` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է, ուստի հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին՝ այս դեպքում էդուարդ Անտոնյանին:
Էդուարդ Անտոնյանը նաև ավելացրեց, որ Մանվել Գրիգորյանը բացարձակորեն իր համար տանիք չի և իրեն դա պետք էլ չէ: «Ինչ որ մարդկանց տարաձայնութնունների վրա ես երբեք չեմ ցանկացել իմ հաջողությունները կառուցել: Ես իմ հույսը իմ վրա եմ դնում, որովհետև ժողովուրդը ինձ շատ լավ ճանաչում է»,- ասաց Անտոյանը:
Անձամբ գեներալ Գրիգորյանին էդուարդ Անտոնյանը ծանոթ չէ, և նրան գիտի որպես հայ մարդ:
Անդրադառնալով Հրանտ Գրիգորյանին՝ Էդուարդ Անտոնյանը նշեց, որ նա 13 տարի հնարավորություն է ունեցել ժողովրդի հետ շփվելու և խորհրդարանական աշխատանքով ներկայանալու և եթե այդ հնարավորությունը օգտագործած լիներ, հավանաբար նման կերպ խուճապի չէր մատնվի և չէր հայտարարի, որ իրեն սատարում է Մանվել Գրիգորյանը:
Այդուհանդերձ, Էդուարդ Անտոնյանը բարձր է գնահատում ընտրական պայքարում հաղթելու իր հնարավորությունը:
«Հրանտ Գրիգորյանն ունի թե՛ վարչական, թե՛ ֆինանսական ռեսուրսներ: Եթե ունենար ժողովրդի աջակցությունը հավանաբար հենց նրան էլ կհամարեի հաղթող թկնածու: Բայց ես համոզված եմ, որ լուրջ մրցակցություն է լինելու և ես հավանաբար կստանամ ժողովրդի վստահությունը»,- ասաց նա:
Էդուարդ Անտոնյանն այս պահին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում է բնակվում և զբաղվում է անասնապահությամբ և հող է մշակում: Ունի 20 տարվա մանկավարժական փորձ։ Եղել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ:









