Գագիկ Եղիազարյանը «ճնշո՞ւմ» է Forbes Georgia-ին. գլխավոր խմբագիրը լքում է պաշտոնը

15:11 • 27.03.12

Հեղինակավոր Forbes ամսագրի վրացական տարբերակի` Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Ռևազ Սակևարիշվիլին հեռացել է պաշտոնից, քանի որ ամսագրի քաղաքականությունը գրաքննվում է, հայտնում է vz.ru-ն:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սակևարիշվիլին նման «միջամտության» մեջ է մեղադրել Media Partners հրատարակչատան նախագահ Գագիկ Եղիազարյանին (Media Partners-ը նախորդ տարվա դեկտեմբերից թողարկում է Forbes Georgia-ն):

«Գրաքննության առումով բավականին լուրջ ճնշումներ են գործադրվում», - ասել է նա:

Ըստ արդեն նախկին գլխավոր խմբագրի` ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Forbes-ի մարտյան համարում հոդված է տպագրվել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին` ամսագրի շապիկին նրա լուսանկարով: Forbes Georgia-ն ցանկացել է վերահրատարակել այն, սակայն Media Partners-ում դրան «կատեգորիկ դեմ են եղել»:

Նրա խոսքով` հնարավոր է, որ նման ճնշումը պայմանավորված է Եղիազարյանի` Արտաքին հետախուզության ծառայության պետ, ԱԳ նախկին նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ անձնական ընկերությամբ:

Media Partners-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում իրենց հասցեին հնչած մեղադրանքը: