Հակոբ Ղազանչյանը հնարավոր է ժամանակից շուտ հրաժարվի իր պաշտոնից

15:32 • 27.03.12

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հնարավոր է իր պաշտոնից ժամանակից շուտ հրաժարվի։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Ղազանչյանն ասաց, որ տարեվերջին լրանում է իր պաշտոնավարման 5 տարին և հնարավոր է, որ նա ժամանակից շուտ թողնի այն։

«Հոգնել եմ, ուզում եմ ավելի շատ թատրոնով զբաղվել»,- հնարավոր հրաժարականն այսպես պատճառաբանեց Ղազանչյանը:

Խոսելով թատերական աշխարհի խնդիրների մասին` Ղազանչյանը որպես կարևոր հարց նշեց պրոֆեսիոնալ թատերագիրների բացակայությունը: Նրա խոսքով չկան մասնագետներ, ովքեր կկարողանան պրոֆեսիոնալ կերպով վերլուծել թատերական ներկայացումը:

Խնդիրներ կան նաև դրամատուրգիայի ոլորտում, որը, ըստ Ղազանչյանի, չի կայացել:

Արվեստի վաստակավոր գործչի մյուս մտահոգությունը «Բեմական խաչմերուկ» հաղորդման վերականգնումն է: Նա նշեց, որ դիմել է տարբեր հեռուստաընկերությունների, սակայն նրանք մերժել են` պատճառաբանելով, թե ցածր վարկանիշ ունեցող հաղորդում է:

Ղազանչյանի մյուս ցանկությունը թատրոնում գտնվող տաղանդավոր երիատասրդներին հանրությանն ավելի ծանոթ դարձնելն է, ինչը, նրա կարծիքով, կարող է անել հեռուստատեսությունը` որպես պրոպագանդայի լավագույն միջոց:

«Կուզենայի հասարակությունը տեսներ տաղանդավոր դեմքերին, իսկ դրանք շատ են, չնայած չեն երևում և ավելի քիչ միջակություններին տեսներ»,- նշեց նա` նկատի ունենալով այդ դերասաններին, ովքեր թատրոնում ոչինչ չեն անում, սակայն նախընտրում են երևալ հեռուստատեսությամբ: