Բավական հետաքրքիր սերունդ է գալիս մեզ փոխարինելու. Հակոբ Ղազանչյան
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը վստահեցնում է, որ թատրոնում հետաքրքիր սերունդ է գալիս՝ փոխարինելու ավագ սերնդին։
«Բավական հետաքրքիր սերունդ է գալիս մեզ փոխարինելու, շատ հետաքրքիր, սերունդ, որոնք թատրոնը դարձրել են կյանքի նպատակ», այսօր Թատրոնի միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Ղազանչյանը, ով այսօր վաղ առավոտից հաղորդագրություններով ու զանգերով շնորհավորանքներ է ստանում օրվա կապակցությամբ։
Ղազանչյանը նաև ասաց, որ շատ բարձր է գնահատում երիտասարդների բեմադրած ներկայացումները։
«Շատ հետաքրքիր ներկայացումներ են, որոնց հեղինակները, շատ կիրթ, շատ գրագետ երիտասարդներ են: Շատ կուզենայի այդ երիտասարդներին ավելի շատ տեղ տրվեր հեռուստատեսություններով, որպես պրոպագանդայի լավագույն միջոց: Այ սա է ամենակարևոր խնդիրը»,- ավելացրեց Ղազանչյանը:
Հակոբ Ղազանչյանը նաև նշեց, որ հայկական թատրոնը տոնը նշում է ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ , որը տեղի կունենա այսօր երեկոյան:
«Ամեն տարի մենք նշում ենք ու փորձում ենք հնարվորինս օբյեկտիվ գնահատել թատերական աշխատանքները «Արտավազդ մրցանակաբաշխությամբ»: Տասնմեկ անվանակարգերում այսօր երեկոյան կգնհատենք լավագույն թատերական աշխատանքները»,- ասաց Ղազանչյանը:
Նա նաև ուախությամբ նշեց, որ թատրոնի այցելուները միայն ավելանում են, և անգամ հերթեր են սկսել գոյանալ ներկայացումների համար:










