ԱԳՆ և «Հայփոստի» շենքերի վաճառքի գործարքներ չեն եղել

15:31 • 27.03.12

«Հայաստանի արտգործնախարարության շենքը չի վաճառվել, նման գործարք չի եղել»,– Tert.am-ին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայացք» թերթի այսօրվա հրապարակմանը` ըստ որի արտգործնախարարության շենքը 400 մլն դոլարով վաճառվել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան մի ընկերության։ «Նման գործարք չէր կարող լինել առանց հանրային իրազեկման և որոշակի ընթացակարգի»,– հավելեց մամուլի քարտուղարը։

Ինչ վերաբերում է նույն թերթի այն տեղեկատվությանը, թե կենտրոնական փոստի շենքն էլ վաճառվել է «Հիլթոնին», Մարգարիտ Սարգսյանն ասաց, որ փոստի շենքի տնօրինումը հանձնված է տրանսպորտի և կապի նախարարությանը։ Նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը, Tert.am–ի հարցին, թե արդյո՞ք փոստի շենքը վաճառվել է, պատասխանեց. «Նման բան գոյություն չունի»։