Մալուխային հեռուստատեսության ոլորտը ներկայացնող «Ինտերակտիվ ԹիՎի»–ն կառաջարկի նաև մրցունակ ինտերնետ

17:15 • 27.03.12

Ընտանիքը՝ որպես ընկերության զարգացման խթան։ Ահա այս կարգախոսով մալուխային հեռուստատեսային ծառայություններ մատուցող «Ինտերակտիվ Թիվի» ընկերությունը ներկայանում է ոչ միայն նոր կորպորատիվ ոճով, այլև բոլորովին նոր կոնցեպտուալ մոտեցմամբ: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։

Այսօր, մարտի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Ինտերակտիվ Թիվի» ընկերությունը ներկայացել է երկու հայտարարությամբ: Ասուլիսի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրեն Արթուր Միքայելյանը տեղեկացրել է, որ ընկերությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ:

«Այս համագործակցությունը մեզ հնարավորություն տվեց ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը՝ ավանդական մալուխային հեռուստատեսությանը հավելելով ինտերնետը: Մենք նախատեսում ենք 2013 թվականին ծածկույթ ունենալ Երևանի ամբողջ տարածքում՝ հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելով մեր ծառայությունների նոր փաթեթը, որը մշակել ենք հատուկ ընտանիքներին և դրանց բոլոր անդամներին բավարարելու համար»,- նշել է Արթուր Միքայելյանը:

2007 թվականին կազմավորված «Ինտերակտիվ Թիվի»-ն վերջին հինգ տարիների ընթացքում իր բաժանորդներին էր մատուցում մալուխային հեռուստատեսության 104՝ այդ թվում HD` բարձր հստակության ալիք: Վերջին մի քանի ամիսների ընթացքում թեսթային ռեժիմում մալուխային ինտերնետի փորձարկումից հետո մարտի 27-ից պաշտոնապես հայտարարում է նաև այս նոր ծառայության մատուցման մասին:

«Պետք է նշել, որ մեր ցանցի տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս մատուցել, այսպես ասած, «պրոֆեսիոնալ» պահանջներին համապատասխան ինտերնետ և մալուխային հեռուստատեսություն, և մեր անցկացրած հետազոտության արդյունքում հաշվարկեցինք, թե միջին վիճակագրական ընտանիքն ինտերնետի և հեռուստատեսության ինչ պահանջմունքներ ունի: Այդ տվյալների արդյունքում մենք այսօր ձեզ ենք ներկայացնում մեր նոր «ինտերնետ+հեռուստատեսություն» փաթեթները: Մեր ծառայությունների զարգացման այս նոր մոտեցումն էլ նախապայման ստեղծեց նոր կորպորատիվ ոճի մշակման համար: Մենք մեր թիրախային լսարան ենք համարում ընտանիքը և մեր այս նորարարական լուծումներով ցանկանում ենք մեր մասն ունենալ ընտանեկան ջերմության մեջ»,- ռեբրենդինգի արշավն ամփոփելով և «Ինտերակտիվ Թիվի» ընկերության նոր ծառայությունների փաթեթները ներկայացնելով՝ հայտարարեց մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ համեմատաբար մատչելի նորարական տեխնոլոգիաների կիրառությունն իր ցանցում հնարավորություն է տվել «Ինտերակտիվ Թիվի» ընկերությանն ապահովել 1-12 Մբ/վ կայուն ինտերնետի բավական մատչելի գին: «Իսկ հաշվի առնելով վիճակագրական տվյալները՝ կարելի է ասել, որ կայուն ներբեռնման/վերբեռնման նույնիսկ միջին արագությամբ ինտերնետը բավարար է միջին ընտանիքին` համացանցից լիարժեք օգտվելու համար: Չնայած ներկայացված «ինտերնետ+հեռուստատեսություն» փաթեթների գրավիչ պայմաններին, որի հետ տրամադրվում է անվճար WiFi մոդեմ՝ որակյալ մալուխային հեռուստատեսությամբ և գին/որակ լավագույն համադրությամբ ծառայություններով հայտնի «Ինտերակտիվ Թիվի» Ընկերության ավանդական և նոր ծառայությունները հասանելի են նաև իրարից առանձին»,– մասնավորապես նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքների թիվը հասցնելով 115-ի և 4 HD` բարձր հստակության՝ ընկերությունը նույնպես նպատակ է ունեցել առավելագույնը մատուցել իր առկա և հավանական բաժանորդներին: Տեխնիկական վերազինումից բացի վերապատրաստվել է նաև ընկերության սպասարկող անձնակազմը: