Սիրե՞լ, թե՞ սպանել. իսրայելցիների ու իրանցիների ինտերնետային ակցիաները

19:10 • 27.03.12

Ինտերնետում արտասովոր ակցիա է սկսվել: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, դիզայներ Ռոնի Էդրին շաբաթներ առաջ համացանցում հաղորդագրություն է տեղադրել` «Իրանցիներ, մենք ձեզ սիրում ենք: Մենք երբեք չենք գնդակոծի ձեր երկիրը»: Իսկ պաստառի նկարից ժպտում է ինքը` հեղինակը, նրա ընտանիքը, ընկերները, բարեկամները:

Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ իսրայելցիներ` սոցցանցերում տեղադրելով նմանատիպ պաստառներ` իրենց լուսանկարներով:

Անսպասելիորեն ակցիային արձագանքել են նաև Իրանի բնակիչները` տեղադրելով. «Իսրայելցի բարեկամներ, ես ձեզ սիրում եմ և չեմ ցանկանում պատերազմել ձեզ հետ: Մեզ հարկավոր չէ միջուկային զենք»:

«Իսրայելը սիրում է Իրանին» ակցիան արագորեն հեղինակություն է ձեռք է բերել. այսօր դրան աջակցում են նաև նրանք, ովքեր ոչ մի առնչություն չունեն երկու երկրների հետ:

Չսահմանափակվելով վիրտուալ գործողություններով` Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հակառակորդներն ակցիա են անցկացրել Թել Ավիվում: Լրատվամիջոցների տվյալներով` ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ: Ցուցարարները պաստառներ են պարզել` «Բիբի և Բարաք, պատերազմը խաղալիք է», «Ոչ` Իրանի հետ պատերազմին» գրությամբ:

Ի դեպ, ըստ հրեական պետությունում անցկացված հարցումների` Իրանին «սիրողները» փոքրամասնություն են: Իսրայելցիների մեծամասնությունը կողմ է Իրանի դեմ պատերազմին:

Հարցվածների 60%-ը համաձայն է, որ իրանական միջուկային ծրագիրը կանգնեցնել կարող են միայն պատերազմական գործողությունները, 64%-ը հավատում է դրանց արդյունավետությանը: Հարցվածների 63%-ն էլ մեծ տարբերություն չի տեսնում, թե ով առաջինը կհարվածի Իրանին` ԱՄՆ-ն, թե Իսրայելը: