Ամերիկյան Enterprise ավիակիրը մտել է Միջերկրական ծով
Երկուշաբթի ուշ երեկոյան դեպի Իրան ուղևորվող ամերիկյան ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը` «Էնըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, մտել է Միջերկրական ծով: Այս մասին հայտնել է Եվրոպայի հարավում տեղակայված ՆԱՏՕ-ի նավատորմի միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Բեն Բեքերինգը:
Տեղեկությունների համաձայն` ավիակիր հարվածային խմբին Միջերկրական ծովում դիմավորել են ՆԱՏՕ-ի նավատորմի մշտական միացյալ խումբը` նիդերլանդական, գերմանական ու կանադական արագընթաց հածանավերը:
Բեն Բեքերինգի խոսքով` հանդիպումից հետո, իր նավերը «տարածքի հեռահար և մոտակա հետախուզության զորավարժություն են անցկացրել, մասնակցել տախտակամածային ավիացիայի թռիչքների ծրագրին, ինչպես նաև լիցքավորվել տանկերից (ամերիկյան հարվածային խմբի)»:
Ավիակիր հարվածային խմբի մեջ մտնում են հրթիռային հածանավ, երեք ականակիր նավեր, հարվածային ատոմային ստորջրյա նավ, ինչպես նաև տանկեր, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Էնթըրփրայզ»-ը մարտական նավերի հետ որոշ ժամանակ կմնա Միջերկրական ծովում, այդ թվում` Սիրիայի ափերի մոտ, ինչից հետո Սուեզի ջրանցքով ու Կարմիր ծովով կուղևորվի Արաբական ծովի ու Պարսից ծոցի շրջան:
Պարսից ծոցում ներկայում գտնվում է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած հարվածային խումբը, իսկ Արաբական ծովի հյուսիսային մասում մարտական հերթապահություն է իրականացնում «Կարլ Վինսոն»-ի գլխավորած խումբը:









