«Հուլիոս կեսար» ներկայացումը դեռ հյուրախաղերի հրավեր չի ստացել
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Ութմազյանի բեմադրած «Հուլիոս կեսար» ներկայացումը, չնայած այս տարի արժանացավ պետական մրցանակի, սակայն այն դեռևս հյուխաղերի հրավերներ չի ստացել: Այս մասին այսօր տեղեկացրեց հենց բեմադրիչը լրագողների հետ հանդիպմանը:
«Բայց դրամատիկականը շեքսպիրյան հարուստ խաղացանկ ունի: Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որն անցկացվում է Լեհաստանում, «Մակբեթ»-ի հրավերներ ենք ունեցել, որը մեծ աղմուկ հանեց: Հրավեր ստացանք 2009-ին Հունգարիայի կողմից, որտեղ նորից Շեքսպիրյան փառատոն էր»,- ասաց նա։
Արթուր Ութմազյանը նաև նշեց, որ պետական մակարդակով փառատոներին մի քիչ ավելի լուրջ է պետք վերաբերվել: Նա նշեց, որ հայ թատերարվեստում կան այնպիսի ներկայացումներ, որոնք թույլ են տալիս աշխարհին ներկայանալ բաց ճակատով:
«Ես շատ եմ սիրում սպորտ, ես շատ եմ ուրախանում, երբ բարձրանում է հայոց դրոշը, հնչում է հիմնը: Իհարկե թատերական փառատոների ժամանակ նման բան չի կատարվում, բայց հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր փառատոնից հետո 15 oր խոսում են մեր ներկայացման մասին»,- ասաց նա։
Արթուր Ութմազյանը չի ժխտում, որ հանդիսատեսը հաճախ ներկայացում դիտելու է գալիս իր սիրելի դերասանի համար, սակայն նա հորդորեց տուրք չտալ հանդիսատեսի ճաշակին:
«Շատ են խոսում, թե ժողովուրդը սա է պահանջում՝ սա ենք անում: Դա շատ սիրուն վարագույր է, որի հետևում հեշտ է թաքնվել: Պարույր Սևակը ասել է. «Ճիշտ է այն, որ ամեն ինչ ժողովրդից է գալիս, բացի ճաշակից: Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով նշանակում է չծառայել ժողովրդին»: Արվեստագետը պետք է հղկի ժողովրդի ճաշակը և նոր ճաշակ ձևավորի»,- ասաց նա։
Դերասանն ավելացրեց, որ ինքը թեև չի կարծում, որ ներկայացում դիտելը մարդուն կդաստիարակի և նա կփոխվի, բայց վստահ է, որ կան կաթիլներ, որ հանդիսատեսն էլ չի հասկանում, թե որտեղ են ընկնում և հետագայում որտեղ ծիլ տալիս:










