Խաչատուր Սուքիասյանի հարցը կքննվի վաղը

18:14 • 27.03.12

Մարտի 28-ին թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկելու է այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանի գրանցման հարցը, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց թիվ 10 ԸԸՀ-ի նախագահ Սամվել Յազրյանը:
Հիշեցնենք, որ երեկ Խաչատուր Սուքիասյանը բաց նամակ էր հղել ԸԸՀ-ին՝ խնդրելով արագացնել իր գրանցման հարցը՝ նկատի ունենալով, որ առջևում քարոզարշավի հետ կապված խնդիրներ կան:

Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող առաջադրված, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Ջոնիկ Աբրահամյանի հարցով, ով այսօր իր թեկնածությունը հանել էր, Tert.am –ը զրուցեց թիվ 17 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Մարգարյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքնաբացարկի դիմում ներկայացրած Ջոնիկ Աբրահամյանը պատճառների մասին չի նշել:

Ջոնիկ Աբրահամյանի ինքնաբացարկի վերաբերյալ մեկնաբանություն չուներ նաև ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով, սակայն, ընդգծեց, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանում է Կարինե Պողոսյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանն այս տարածքում պետք է մրցակցեր հարազատ մորաքրոջ աղջկա՝ Կարինե Պողոսյանի հետ, ինչի կապակցությամբ էլ մամուլը հեգնանքով նկատել էր , թե Հովիկ Աբրահամյանը «ընտանեկան ծանր դրամայի» մեջ է, եղբոր ու քրոջ արանքում:

Այս ընտրատարածքում այս պահին առաջադրված չորս թեկնածուներն են «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից առաջդրված Մանվել Հայրապետյանը, Կարինե Պողոսյանը և ինքնաառաջադրված Գագիկ Ներսիսյանը: