Դատախազն առաջարկում է Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման (լուսանկարներ)

17:09 • 27.03.12

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, որի ժամանակ դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:

Իր ճառում դատախազն ասաց, որ համարում է, որ գործով անցնող Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն պետք է չկիրառել։

«Մարգար Օհանյանը, հանդիսանալով ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, իր պաշտոնական դիրքը օգտագործելով, կատարել է յուրացումներ, առանձնապես խոշոր չափերի: Այդ հարցում նրան օգնել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանն ու Արա Լևոնյանը: Իր պաշտոնական դիրքը չարաշահել և առանձնապես խոշոր չափերի յուրացում է կատարել նաև ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը»,- իր ճառում ասաց դատախազ Հարություն Հարությունյանը:

Դատախազը նաև նշեց, որ բոլորն իրենց սույն գործում մեղավոր ճանաչում են, բացառապես Մարգար Օհանյանի, ով նշում է, որ յուրացում չի կատարել:

«Ապացուցված է բոլորի մեղավորությունն ու գտնում եմ, որ Մարգար Օհանյանը, Սամվել Մախմուրյանը, Ստեփան Կարախանյանը և Արա Լևոնյանը մեղավոր են: Մարգար Օհանյանը և մյուս ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական։ Չորս ամբաստանյալների նկատմամբ էլ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկումը։ Գտնում եմ, որ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի կողմից նշանակված ազատազրկումը պայմանականորեն պետք է չկիրառել»,– ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը):

Մեղսագրվող քրեական հոդվածների համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևյալ պատժաչափերը. 308-րդ հոդվածի 2-րդ մասով պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մարգար Օհանյանն արդեն վերականգնել է պետությանը հասցված վնասը՝ ավելի քան 200 միլիոն դրամ, սակայն մինչ օրս տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ և նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:

Դատական նիստի ավարտին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, ցանկանալով տեղեկանալ, թե նա ինչպես է գնահատում մեղադրողի ճառը:

«Դա դատախազն ա ուզել, ոչինչ դեռ չի նշանակում: Ես իմ խոսքում ամեն ինչ կասեմ, շատ ապրեք ձեզանից շնորհակալ եմ (նկատի ունի նիստերը լուսաբանող լրագրողներին)»,– ասաց Մարգար Օհանյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին։ 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի