Հայաստանցի աղջկան ինքնասպանության հասցրած թուրք եղբայրները ձերբակալվել են

11:57 • 27.03.12

Հայաստանի քաղաքացի 21-ամյա Նարինե Մկրտչյանին ինքնասպանության հասցրած թուրք եղբայրները ձերբակալվել են:
24-ամյա Օրհան Օքումուշը, ով խոստացել էր ամուսնանալ Նարինեի հետ և մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ապա աղջկան շանտաժի ենթարկել` սպառնալով հրապարակել նրա մերկ լուսանկարները, հերքել է իրեն ուղղված մեղադրանքները:

Օքումուշը ցուցմունքում նշել է, որ ինքը ցանկացել է ամուսնանալ Նարինեի հետ, սակայն երբ իմացել է, որ Նարինեի խորթ հայրը բռնաբարել է նրան, հրաժարվել է իր մտադրությունից:

Օրհանի պնդմամբ` Նարինեի ինքնասպանության պատճառը եղել է այն, որ ինքն աղջկան ասել է, որ չի ցանկանում ամուսնանալ հետ: Նա հերքել է մեղադրանքները թե ինքն ու եղբայրը շանտաժի են ենթարկել նրան:

Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, 4 տարի առաջ Թուրքիա ներգաղթած Նարինե Մկրտչյանը եղբոր և խորթ հոր հետ անօրինական բնակվել է Ստամուլի Քումքափը թաղամասում: Նա սիրահարվել է թուրք հարևան Օրհան Օքումուշին, ով էլ նրան մերկ լուսանկարել է:

Օրհանի եղբայրը` 25-ամյա Բարըշ Օքումուշը նույնպես սպառնացել է Նարինեին` ասելով, որ «եթե իր հետ էլ չլինի, լուսանկարները ցույց կտա աղջկա եղբորը»:

Սակայն քանի որ Նարինեի ընտանիքն անօրինական է բնակվել Թուրքիայում, ոստիկանության դիմել հնարավոր չի եղել: Աղջիկը փետրվարի 28-ին թույն է խմել և ինքնասպան եղել: