Օբաման ուշադրություն չի դարձրել ԼՂ և Ցեղասպանության մասին՝ Էրդողանի առաջարկներին

15:48 • 27.03.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարավային Կորեայում տեղի ունեցած Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ուշադրության չի արժանացրել Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Թուրքիայի վարչապետի առաջարկներին:

Այսօր լրագորղներին տեղեկացնելով այս մասին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ հանդիպումը թեև տևել է մեկուկես ժամ, թուրքական կողմը այն դարձրել է 2 ժամ տասը րոպե, քանի որ Թուրքիայի համար մեծ հեղինակություն է Օբամայի հետ հանդիպումը:

Նա նշեց, որ թեև գագաթաժողովը նվիրված էր աշխարհի ուշադրության կենտրոնում գնտվող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են Սիրիայում տիրող լարված իարվիճակը, Իրանի, միջուկային ահաբեկչության հարցը, սակայն Էրդողանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության և ԼՂ հարցը` շատ լավ հասկանալով, որ ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը:

«Էրդողանն ասել է, որ արդեն հոգնել ենք ԼՂ հարցից` պահանջելով, որ Մինսկի խմբի անդամ երկրներն ազդեն հայկական կողմի վրա, իսկ Թուրքիան էլ կազդի ադրբեջանական կողմի վրա, որպեսզի հարցը շուտ լուծվի»,- ասաց թուրքագետը:

Չաքրյանի խոսքով՝ քանի որ Թուրքիան ԱՄՆ-ից հանձնարարականներ է ստացել Սիրիայի և Իրանի հարցում, այդ պատճառով Անկարան հույս ունի, որ Վաշինգտոնն էլ կընդառաջի ԼՂ և Հայոց Ցեղասպանության հարցում, սակայն թուրքագետը կարծում է, որ սրանք միայն հույսեր են։ 

«ԼՂ հարցում ԱՄՆ-ն չի կարող ոչինչ անել, քանի որ Մինսկի խումբն է զբաղվում այդ հարցով, իսկ ցեղասպանության հարցի դեպքում էլ հանուն էրդողանի սիրուն աչքերի Օբաման չի կարող ճնշում գործադրել կոնգրեսի վրա»,- կարծում է թուրքագետը:

Նրա կարծիքով՝ Թուքիան ինքն իրեն բավական վարկաբեկել է միջազգային հանրության աչքում: Նախ դրա պատճառը, ըստ թուրքագետի, Ֆրանսիայում մշակված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ ստեղծված թուրքական կողմի արձագանքը, ապա Խոջալուի դեպքերի վերաբերյալ Թուրքիայում կազմակերպված «լկտի» հանրահավաքը: