Վաշինգտոնն ու Մոսկվան ՀՀՊ խնդրով կպայմանավորվեն հաջորդ տարի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ 2013 թ.-ին Մոսկվան և Վաշինգտոնը մեծ առաջընթաց կունենան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության խնդիրները լուծելու հարցում:
Նրա խոսքով 9-10 ամսվա ընթացքում մասնագետները կմշակեն հակահրթիռային պաշտպանության տեխնիկական հատվածները, ինչը համարվում է «տարաձայնությունների գլխավոր պատճառը»:
«2013 թ.-ին հնարավոր կլինի առաջընթաց ունենանալ, եթե լուծվեն տեխնիկական խնդիրները», - ասել է Օբաման, ով այս պահին գտնվում է Սեուլում՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
«Դա հեշտ չէ, ես պետք է խորհրդակցեմ Պենտագոնի, Կոնգրեսի և երկու կուսակցությունների հետ: Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ինչպես ասել է Դմիտրին (ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը), մենք հզոր տերություններ ենք և առանձնահատուկ պատասխանատվություն ենք կրում», - հավելել է նա:
Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել էր, որ այս տարի Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն կարողանա համաձայնության գալ՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության խնդիրները լուծման հարցով, իսկ պատճառն է այն է, որ 2012 թ.-ին երկու տերություններում էլ նախագահական ընտրություններ են:
«Ակնհայտ է, որ սա այն տարին չէ, որ հնարավոր լինի միևնույն տեսակետն ունենալ», - ասել է Ռոդսը:
Միաժամանակ, vz.ru-ի հաղորդմամբ, Սեուլում համաշխարհային տերությունների առաջնորդները համաձայնության են եկել՝ երկարաժամկետ և արդյունավետ միջազգային համագործակցության հարցում՝ միջուկային ահաբեկչությունը կանխելու համար:
«Երկրի ղեկավարներին անհրաժեշտ է մի այնպիսի կառույց, որտեղ հնարավոր կլինի օգնել իրականացնել արդեն իսկ ստանձնած պարտականությունները և բարելավել այս խնդիրների յուրաքանչյուր հատվածը», - ասել Օբաման:
Հավելենք, որ չնայած վերջին երկու տարում արձանագրած առաջընթացին, Սպիտակ տան ղեկավարն ընդունել է, որ «վտանգը պահպանվել է, սակայն աշխարհը ճիշտ ուղով է ընթանում»:









