Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ կառավարության հաղորդագրության՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:
Մարկ Հորթոնը վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ համատեղ գերազանց առաքելություն ենք իրականացրել, որովհետև կարողացել ենք իրագործել այն, ինչ մեր առջև սահմանել էինք: 2011թ.-ի վերջին արձանագրված արդյունքներով ծրագրի կատարողականը բարձր է, իսկ ՀՀ պետական բյուջեի արդյունքների առումով կատարողականը բացառիկ է»,– ասել է Հորթոնը:
«Սոցիալական ծախսերի հասցեականության բարձրացմանն ուղղված միջոցառումը ևս գերազանց է և ողջունելի: Հիշատակման է արժանի նաև պահուստների ապահովման չափորոշիչի կատարումը, որն ամբողջովին ապահովվել է»,- ավելացրել է նա։
Մարկ Հորթոնը նաև ասել է, որ ԱՄՀ-ն առաջիկայում պատրաստ է օժանադակություն ցուցաբարել Հայաստանին՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ ուրախ են, որ ծրագրի կատարողականը բարձր է գնահատվում: «Ապագա տարիների համար մեր հիմնական մակրոտնտեսական խնդիրն է լինելու մասնավոր ներդրումների ցուցանիշի բարելավումը, ինչին կնպաստի նաև արդյունաբերական նոր քաղաքականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Մարկ Հորթոնը շնորհավորել է վարչապետին՝ 2012թ. համար նախատեսված հարկային փաթեթն Ազգային Ժողովում հաստատելու կապակցությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն ուրախալի է համարել Պետական եկամուտների կոմիտեում վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումները: Նա նաև ողջունել է «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրի իրականացումը, ինչպես նաև կառավարության բարեփոխումները՝ սոցիալական ոլորտում, մասնավորապես, կենսաթոշակային համակարգում:
Այս առումով, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները կառավարության առաջնային ուղղություններից են: Այդ համատեքստում, 2012թ. ընթացքում ներդրվելու է անհատական հաշվառման համակարգ և անցում է կատարավելու պարտադիր կուտակային հիմնադրամներին:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:









