Ռուս ոստիկանները մարտականի փոխարեն տրավմատիկ ատրճանակներ կստանան

23:37 • 27.03.12

Ռուսաստանում «Մակարովների» փոխարեն, թաղայիններին, պահակային և տրանսպորտային ոստիկանության ստորաբաժանումներին տրավմատիկ ատրճանակներ կտրամադրվեն:

Ռուսաստանի ՆԳՆ-ն որոշել է ոստիկանությունը ավելի մարդասիրական զինատեսակներով վերազինել: Գերատեսչությունը ավելի քան 45 մլն ռուբլի կծախսի, մոտ 4 հազար հատ  ПБ-4СП տիպի տրավմատիկ ատրճանակներ (որոնք ավելի հայտնի են «Օսա» անունով) գնելու համար:

ՌԴ ՆԳՆ ղեկավարությունը դեռ 2009թ. հայտարարում էր ոչ մահացու զինատեսակներին անցնելու ծրագրերի մասին: Նախատեսվում էր տրավմատիկներով կհամալրվեն այն ստորաբաժանումները, որոնց անձնակազմը աշխատում է բարձր ռիսկայնության, սակայն մարդկանց մեծ կուտակումների պայմաններում:

Ռուսաստանի ոստիկանության ներկայացուցիչ Օլեգ Ելնիկովը պարբերականին մեկնաբանել է, որ 3,800 տրավմատիկ զենքերի գնումը պլանային է, իսկ տաբելային ատրճանակներից ամբողջովին հրաժարում չի նախատեսվում:

Ոստիկանության համար նախատեսված «Օսա» տրավմատիկ անփող ատրճանակները քաղաքացիական տարբերակներից տարբերվում են ավելի մեծ տրամաչափով (18 մմ – 15-ի փոխարեն), տրավմատիկ փամփուշտի տեսակով և լազերային թիրախացուցիչով: Սակայն զենքի փողային էներգիան չի գերազանցում օրենքով նախատեսված 91 Ջոուլի սահմանը: