Ռուբեն Հայրապետյանի համար Հայաստանի ցանկացած քաղաքացի արժանի մրցակից է (լուսանկարներ)
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից հետո էլ, նույնիսկ «կրթության օջախից դուրս» լրագրողներին չհաջողվեց Ռուբեն Հայրապետյանից իմանալ, թե ինչն էր, կամ ով էր նրան ստիպել իր որոշումից ետ կանգնել և թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը:
ԲՈւՀ-ի պատերից ներս ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին նկատողություն արեց. «Կրթության օջախում չի կարելի քաղաքական հարցեր տալ»:
Այդուհանդերձ, լրագորղները համառեցին՝ հետաքրքրվելով գուցե Սամվել Ալեքսանյանին է հաջողվել նրան համոզել այդ հարցում: Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ուրեմն հաջողվել է»:
ԱԺ պատգամավորը միայն համաձայնեց անդրադառնալ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի պաշտպանած թեկնածու՝ լրագրող Գայանե Առուստամյանին, նշելով որ նրա առաջադրմանը շատ նորմալ է վերաբերվում: «Ես իրան անձնապես չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ երիտասարդ է, շատ լավ է արել, որ իմ դեմ դրել է, քաղաքականության մեջ ես իրան մաղթում եմ հաջողություն»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի իր համար արժանի մրցակից է:
Նշենք, որ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ այսօր հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ և պատասխանեց նրանց միմիայն ֆուտբոլային թեմաներով տրված հարցերին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









