«Սարը գելին» երգող թուրք երգչուհուն հիմա էլ էրզրումցիներն են սպառնում
Թուրքական «Posta» թերթը մարտի սկզբին տեղեկացրել էր, որ թուրք հանրահայտ երգչուհի Սեզեն Աքսուի նոր ալբոմում տեղ կգտնի նաև հայտնի «Սարը գելին» երգի հայերեն կատարումը: Ձայնագրություններում Սեզեն Աքսուին կնվագակցի հայկական երգչախումբ: Ադրբեջանցիներն այս կապակցությամբ հայտարարել էին, որ երգը ադրբեջանական է և երգելու համար պետք է իրենցից թույլտվություն խնդրել:
Հիմա էլ էրզրումցիները թույլ չեն տալիս երգչուհուն հայերենով կատարել «Էրզումի ժողովրդական երգը»:
«Էրզրումցիներ» հայրենակցական միության ղեկավար Օսամանի Նուրի Թոփրամանը հայտարարել է. «Սեզեն Աքսուն ինչ լեզվով ուզում է թող երգի այդ երգը, միայն ոչ հայերեն: Դա ընդունել չենք կարող: Եթե երգչուհին նեղություն քաշեր և կարդար, թե ում կողմից է ստեղծվել երգը և մի քիչ էլ գիտակից լիներ նման սխալ թույլ չէր տա: Էրզրումի ժողովրդական երգի վերածված երգը հայերենով երգելն անընդունելի է: Այդ երգը երգել են Էրզրումի հարսների համար և այն հայերին վերագրելը մեր վերքերը բացել է նշանակում», - ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Էրզրումի երիտասարդ ներդրողների և գործարարների հիմնադրամի ղեկավար Մեհմեթ Նուրի Ալիմը և Էրզրումի կին գործարարների միության ղեկավար Զեքիյե Չոմալըն նույնպես կոշտ հայտարարություններով են հանդես եկել հանդես եկել:
«Սարը գելինը Կարսում ստեղծված Էրզրումի ժողովրդական երգ է», - պնդել է նա:
Հիշեցնենք, Սարի Գելին (թուրքերենով` «դեղին հարս»կամ «նորահարս») հայկական ժողովրդական երգ է, որը տարածված է Հայաստանում, Թուրքիայում, Իրանում և Ադրբեջանում: Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են երգի հայկական ծագումը և նշում, որ այն թուրքական ծագում ունի:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անցյալ տարի իր հարցազրույցներից մեկում նույնպես նշել էր, որ երգը հայկական ծագում ունի և ինքը հաճախ է լսում այն: Նրա այդ հայտարարությունը Թուրքիայում հերթական սկանդալի պատճառ էր դարձել:










