ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է ավելացնել Ջավախքին տրամադրվող աջակցությունը
Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, Միացյալ Նահանգների զարգացման միջազգային գործակալության (USAID) ղեկավար Ռաջիվ Շահի հետ ԱՄՆ-ի 2013 թ.-ի Բյուջեի քննարկումների ընթացքում սենատոր Բրեդ Շերմանը ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում բնակվող հայ ժողովրդի համար: Նա պնդել է, որ ԱՄՆ 2013 թ.-ի բյուջեով այս տարածաշրջանին տրամադրվող ֆինանսական միջոցները պետք է ավելացվի. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
USAID-ի ղեկավարին ուղղված հարցում նա տեղեկացրել է այն տնտեսական ծանր իրավիճակի մասին, որը տիրում է Ջավախքում:
Ի պատասխան USAID ղեկավարը տեղեկացրել է, որ Վրաստանում և հատկապես Սամցխե-Ջավախեթիի շրջանում իրենք բազմաթիվ ծրագրեր են իրականացրել` կապված գյուղատնտեսության արդիականացման, սոցիալական զարգացման, առողջապահության հետ:
«Մենք փորձել ենք անել այդ աշխատանքը նաև խորհրդակցելով ամերիկահայ համայնքի հետ», - ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ»-ը, 2011 թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Քեն Հաչիկյանի և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը մեկնել են Ջավաք և Թբիլիսի` հանդիպումներ ունենալու ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև վրացական կառավարության բարձաստիճան պաշտոնյաների հետ` Ջավախքի հայ բնակչության խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար:
Երկխոսությունը շարունակվել է Վաշինգտոնում, այս տարվա հունվարին, երբ Հաչիկյանը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի հետ և քննարկել հայ-վրացական համագործակցության ծրագրերը` նաև ԱՄՆ աջակցությամբ Ջավաքում աշխատատեղերի ավելացման ուղղությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել Ջավախքի բնակչությանն աջակցելու համար համագործակցել ինչպես ԱՄՆ ղեկավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության` այդ թվում ամերիկահայ համայնքի հետ` Ջավախքում աշխատատեղերի ստեղծման և տեխնիկական ու հումանիտար աջակցության համար:









