Գյումրեցի անօթևան ընտանիքն իր չորս ապագա զինվոր որդիներով բնակվում է նեղլիկ և խոնավ տնակում

18:25 • 27.03.12

Գյումրու կենտրոնական մասում` Ղուկասյան փողոցի տնակային ավանի 114/022 փոքրիկ տնակում, 6 անձով բնակվում է անօթևանի կարգավիճակ չունեցող, չորս անչափահաս տղաների տեր Սաշիկ և Կարինե Բաբայանների ընտանիքը, գրում է «Շիրակ կենտրոնն» իր կայքում՝ ներկայացնելով գյումրեցի հերթական կարիքավոր ընտանիքի պատմությունը:

Նրանք տնակը երկու փոքրիկ մասերի են բաժանել և ձմռան ամիսներին ջեռուցում են միայն մեկ մասը` ննջարանը, եթե կարելի է այդպես կոչել այն հատվածը, որտեղ մի կերպ տեղավորված են չորս երկաթյա մահճակալներ ու վառարանը:

Ամուսինները հիմնական աշխատանք չունեն և, ինչպես շատ ու շատ գյումրեցի անօթևան ընտանիքների պարագայում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է:

Ծնողների պատմելով` երեխաներից երեքը սովորում են Գյումրու 3-րդ գիշերօթիկ դպրոցում, սակայն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների այցելության պահին տանը չէին, ավագ որդիները` 16 տարեկան Խաչիկը և 12-ամյա Արմենը, Արթիկի շրջանի գյուղերից մեկում էին: Թեև ծնողները չեն ցանկացել բարձրաձայնել, բայց ըստ «Շիրակ կենտրոնի» տեղեկության երեխաները գյուղում աշխատում են որպես անասնապահ:

Բաբայանների տնակը գրեթե ամբողջովին շարքից դուրս է եկած: Պատճառը ոչ միայն տարիների մաշվածքն ու ու խոնավությունն են, այլ նաև տեղից տեղ տեղափոխված լինելը: Ամուսններից միայն Սաշիկ Բաբայանն է երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան կորցրել` հայրական տունը: Մի քանի տարի առաջ պետությունը փոխհատուցել է կորցրած երկսենյականոց բնակարանը: Բաբայանի հայրական բազմանդամ ընտանիքը կիսվել է` մայրը և եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր ստացած բնակարանում, իսկ իրենք մնացել և շարունակում են բնակվել տնակում:

«Շիրակ կենտրոնը» դատարկաձեռն չի գնացել այցելության, և անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու «Միասին կարող ենք»  նախաձեռնության շրջանակներում, ամերիկացի բարերար Էլբիստ Մադաթյանի միջոցներով Բաբայանների ընտանիքին տրամադրել սնունդ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում :