Ստրոս Կանը չի էլ իմացել, որ զվարճանում է մարմնավաճառների հետ

14:40 • 27.03.12

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Նախկին պաշտոնյան մեղադրվում է կավատության մեջ, ինչի համար նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:

Ըստ Ֆրանսիայի Լիլ քաղաքի դատախազության` Ստրոս-Կանը հիմնադրամի նախագահ եղած տարիներին աղջիկների մասնակցությամբ երեկույթներ է կազմակերպել, որոնք անցկացվել են Լիլում, Փարիզում ու Վաշինգտոնում:

Նրա հնարավոր «գործընկերներից» երկուսն արդեն ձերբակալված են: Նրանք Ստրոս-Կանի ընկերներն են, որոնք աշխատել են ֆրանսիական ընկերությունների թոփ-մենեջերներ:

Ինքը` Ստրոս Կանը, մեղադրանքները հերքում է: Նա իր պաշտպանի միջոցով հայտնել է, որ իսկապես ժամանակ է անցկացրել գեղեցիկ աղջիկների շրջապատում, սակայն տեղյակ չի եղել, որ նրանք մարմնավաճառներ են:

Պաշտպանը հայտնել է, որ ԱՄՀ նախկին նախագահի մեղքի ոչ մի ուղղակի ապացույց չկա:

Սա հիմնադրամի նախկին նախագահի ու Ֆրանսիայի նախագահի նախկին հավանական թեկնածուի մասնակցությամբ առաջին աղմկահարույց սկանդալը չէ: Նա մեղադրվել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու մեջ, ինչի պատճառով հեռացել է ԱՄՀ նախագահի պաշտոնից: Քրեական պատասխանատվությունից նրան խուսափել հաջողվել է ապացույցների բացակայության պատճառով: