Հայաստանը մինչև հիմա թատրոնի և թատերական գործունեության մասին օրենք չունի
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, իսկ Հայաստանն առ այսօր թատրոնի և թատերական գործունեության մասին օրենք չունի:
Tert.am–ի հետ զրույցում Թատերական գործիչների միության մամուլի պատասխանատու Սոնա Մելոյանը նշեց, որ նման օրենքը ծայրահեղ անհրաժեշտություն է:
Շուրջ վեց տարի է «Թատրոնի և թատերական գործունեության» մասին օրենքը, որի համահեղինակներ են «Օրինաց երկրիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ կառավարությունը միացել է նախագծին, անհասկանալի պատճառներով Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգից «դուրս չի գալիս» և օրենքի տեսք չի ստանում:
Օրենքը պետք է սահմաներ Հայաստանի պետական ու համայնքային թատրոնների և թատերական գործունեության իրավական հիմքերը, թատերարվեստի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու հիմնական ուղղությունները և թատրոններին ու թատերական կազմակերպություններին պետական աջակցություն ցուցաբերելու ձևերն ու միջոցները: Դրանով պետք է սահմանվեին նաև գեղարվեստական ղեկավարների ու թատրոնի տնօրենների իրավասությունները:
Նշենք, որ օրենքը ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգ ընդունվեց 2007 12.11-ին,սակայն երեք անգամ հետաձգվեց.04. 02. 2008 –ին՝ 30 օրով, 28.04. 2008-ին 90, ապա՝60 օրով: Նշենք, որ հետաձգումները մշտապես եղել են կառավարության ներկայացուցչի առաջարկով:
«Ինչ ասեմ, ժամանակը չբավարարեց կամ այլ պատճառներ կային միգուցե»,-ասաց օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանը, ով դժվարանում է միանշանակ պատասխանել այն հարցին, թե ո՞րն է Մշակույթի նախարարության կողմից հարցի հետաձգման պատճառը:
«Ես չեմ կարող ասել, քանի որ կառավարոթյունը մեզ հետ միասնական աշխատել է և միասնական տարբերակ ենք շրջանառության մեջ դրել, թե ինչ պատճառներ կարող են լինել, որոնցից ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել. Ես այդ համակարգի մարդ չեմ և հնարավոր է՝ կան նրբություններ, որոնք ինքս չեմ պատկերացնում: Այնպես որ, ավելի լավ է՝ հարցն ուղղեք Մշակույթի նախարարին, որը միգուցե տեղյակ է խնդիրներից, որոնք հետաձգման պատճառ կարող էին դառնալ»,-ասաց Հեղինե Բիշարյանը:
Վերջին անգամ (04. 09, 2008 –ին) որոշվեց, որ կառավարությունը, Հեղինե Բիշարյանը և Վիկտոր Դալլաքյանը իրենց՝ թատրոնի մասին օրենքի նախագծերը միացնում են և այն օրակարգ մտավ «Թատրոնի և թատերական գործունեության մասին» անվանմամբ:
Tert.am–ը դիմեց նաև Մշակույթի նախարարություն, սակայն մամուլի բաժնից առաջարևկեցին հարցը նախ ուղղել կառավարության ներկայացուցչին, և խոստացան պատասխանել ավելի ուշ:










