«Թուլուզյան հրաձիգի» սպանությունների տեսանյութն ուղարկվել է Al Jazeera-ին
Al Jazeera հեռուստաընկերության փարիզյան բյուրոն փոստով ստացել է «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի իրականացրած սպանությունների տեսագրությունները, գրում է ֆրանսիական Le Parisien թերթը:
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով է ուղարկել տեսանյութերը` ինքը` ահաբեկիչը, թե նրա համախոհները: Նյութերն արդեն հայտնվել են ոստիկանության ձեռքում:
Միևնույն ժամանակ, «թուլուզյան հրաձիգի» հայրը հայտնել է, որ Ֆրանսիայի դեմ հայց կներկայացնի դատարան` իր որդու սպանության համար:
«Ես կվարձեմ ամենալավ պաշտպաններին, որպեսզի հասնեմ ուզածիս, թեկուզ ստիպված կլինեմ աշխատել մինչև կյանքիս վերջ», - ասել է նա France 24 հեռուստաընկերությանը:
Մարտի 19-ին Մերան կրակ էր բացել Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի մոտ, ինչի հետևանքով զոհվել էր դպրոցի մի ուսուցիչ ու նրա երկու երեխաները, ինչպես նաև տնօրենի դուստրը: Իսկ մինչ այդ, նա սպանել էր ֆրանսիացի դեսանտայինի և երկու այլ զինվորականի:









