Ուկրաինայում ուղղիչ գաղութ է այրվում, 150 կալանավոր է տարհանվել (տեսանյութ)

21:48 • 27.03.12

Ուկրաինայի Լվովի մարզի Սոկալսկոյ ուղղիչ գողութի մասնաշենքերից մեկում հրդեհ է տեղի ունեցել, 150 կալանավորներ տարհանվել են:

«Սկզբում բոցավառվել է մասնաշենքի փայտաշեն տանիքը, և քանի որ մարդկանց կյանքին վտանգ ներկայացնող իրավիճակ էր, 150 կալանավորներ տարհանվեցին գաղութի այլ բնակելի մասնաշենքեր և նրանց նկատմամբ ուժեղացված վերահսկողություն սահմանվեց», - հաղորդում է «Ունիան» ուկրաինական գործակալությունը:

Հրդեհը սկսվել է ժամը 16.10, դեպքի վայր է ժամանել հրշեջ 4 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

ZIK հեռուստաալիքի տեղեկություններով, ներկայում այրվել է գաղութի տարածքում գտնվող եկեղեցին, այրվել և փլուզվել է եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև այրվել է №7 բնակելի զոնայի գմբեթը:

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայում` գաղութի ղեկավարության հետ կապ հաստատելու հնարավորություն չունեն: Բացի այդ, շրջանային իշխանություններին ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործելու թույլտվություն չեն տալիս:

Ուղղիչ գաղութի մասնաշենքը գտնվում է 17-րդ դարի նախկին վանական համալիրի տարածքում և ճարտարապետական հուշարձան է հանդիսանում: