Լեհաստանում հետախուզության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել

23:24 • 27.03.12

Լեհաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել հետախուզության նախկին պետ Զբիգնև Սեմյատկովսկուն (Zbigniew Siemiatkowski), հաղորդում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով Սեմյատկովսկու հայտարարությանը:

Լեհաստանի դատախազությունը այս տեղեկությունը դեռ չի հաստատել:

Սեմյատկովսկուն ներկայացված մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն պարզ է, որ նա ներգրավված է Լեհաստանում ամերիկյան ԿՀՎ-ի գաղտնի բազաների տեղաբաշխման գործում, որոնցում պահվել են անձիք, ովքեր ամերիկյան հետախուզության կողմից կասկածվում էին ահաբեկչության մեջ: Ըստ որոշ տվյալների՝ կասկածյալները Լեհաստանում կտտանքների են ենթարկվել:

Հետախուզության նախկին պետը հայտարարել է, որ դատախազներին ցուցմունքներ չի տա: Տվյալ գործի շրջանակներում վկայություններ կտա միայն դատարանում:

Դատախազությունը հրաժարվում է հետաքննության վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց, վկայակոչելով գործի լիակատար գաղտնիությունը: Հաղորդվում է միայն այն, որ գործի շրջանակներում դեռ ոչ ոք չի ձերբակալվել:

ԿՀՎ-ի գաղտնի բազաների մասին գործ Լեհաստանում հարուցվեց 2008թ.՝ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո:
Եվրոպայի խորհուրդը իր ներկայացուցիչների միջոցով հայտարարեց, որ լեհական ռազմական ավիաբազան 2002 թվականից օգտագործվել է՝ ահաբեկիչներին Աֆղանստանից դեպի Գուանտանամո տեղափոխելու համար:

Լեհաստանի կառավարությունը հերքել է ներկայացված մեղադրանքները: Սակայն իրավապաշտպանները փաստեր են ներկայացրել, որ 2002 – 2003թթ նվազագույնը ԿՀՎ-ի 7 ինքնաթիռ վայրէջք է կատարել Լեհաստանում, և դրանցից նվազագույնը 5-ում ուղևորներ են եղել:

Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ ամերիկացիները Լեհաստանում՝ առանձնախցերում, կալանավորներ են պահել և նրանց կտտանքների են ենթարկել: Գուանտանամոյի կալանավորներից առնվազն 2-ը հայտարարել են, որ իրենց կտտանքների են ենթարկել Լեհաստանի տարածքում: